Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

Armenpress 14:58, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է առաջնորդի միջազգային հանրությանը աշխատելու նմանօրինակ ողբերգությունների կանխման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Միջոցառմանը ներկայացվել է իտալացի նկարիչների «Մադենոտե» խմբի «Հայ մայրը» ստեղծագործությունը: Խմբի անունից հանդես եկող Մադալենա Գաբրիելեն նշել է, որ ստեղծագործությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության հիշատակին՝ ոգեշնչված Ցեղասպանության տարիներին Հալեպում արված մի լուսանկարից, որտեղ հայ մայրն իր դստեր հետ սգում է հատակին պառկած կրտսեր աղջկա մահը: Օրիգինալ լուսանկարն այժմ պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում:

Դեսպան Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային մարդու իրավունքների ու համընդհանուր արժեքների հանդեպ հարգանքի և Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի համար: Նա երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր դժվարին ժամանակներում եղել են հայ ժողովրդի կողքին:

Միջոցառմանը ներկայացվել է նաև ֆրանսիացի գրող Էնի Ռոմանի «Հայաստանցի տատիկս» գրքի իտալերեն թարգմանությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am