Ալավերդիի քաղաքապետի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

Armenpress 12:50, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում  վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի մասնակցությամբ կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը և պարզվել, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                                                     

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am