1000х90.jpg (78 KB)

Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

Armenpress 12:12, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ռոսիյսկայա գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ նման բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ կողմերը հենց սկզբից պայմանավորվել են, որ ընտրում են մոտեցում՝ հիմնված առողջ բանականության վրա, ինչը թույլ է տվել անցնել երկու երկրների միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների քննարկմանը:

«Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ ունի շատ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ, ինչը խցանի պես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասաբար է անդրադառնում միգրացիոն գործընթացների վրա և թույլ չի տալիս Հայաստանին ամբողջությամբ բացահայտել իր ներուժը և վերածվել բարեկեցիկ երկրի:

«Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, և երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և, անկասկած, այս նոր կազմաձևում Ադրբեջանը և Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հարցազրույցում ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, կատարած աշխատանքները և ընդգծել է, որ երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ ենկյանքի կոչել դրանք, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը:

«Կարևորը լավ ապագա տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն այս՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am