1000х90.jpg (78 KB)

ԼՀԿ-ն ուզում է հասնել նրան, որ ընտրություններում ոչ մի ուժ չստանա 51 տոկոս ձայն. Մարուքյան

Armenpress 12:11, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չի ստանա 51 տոկոս ձայն, խորհրդարան կանցնեն համերաշխություն բերող ուժեր, և ԼՀԿ-ն կպարտադրի ազգային համերաշխության կառավարության ձևավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Երևանում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու իր ակնկալած 60 տոկոսից ավելի ձայնը, Մարուքյանը վստահ է, որ որևէ այլ ուժ ևս այդքան ձայն չի հավաքելու: «Կարևոր է այն, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ և հիմնականում համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ «Լուսավոր Հայաստան»-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում: Իսկ եթե մի ուժ ստանում է 51 տոկոսը, ունի օրակարգ՝ ոչնչացնել իր հակառակորդներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս»,-ասաց Մարուքյանը:

Նա կրկին խոսեց քաղաքական ուժերի՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքից՝ նկատի ունենալով հատկապես Նիկոլ Փաշինյանիn և Ռոբերտ Քոչարյանին: «Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, ոչնչացնելու պլաններ մշակելը, պետք է պլան մշակել, թե ադրբեջանցիներին ինչպես հանել Սյունիքից և Գեղարքունիքից, պլան է պետք մշակել բանակը, տնտեսությունը վերականգնելու»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ԼՀԿ-ն գիտի, թե ինչպես:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am