Քոչարյանը խոսեց առաջիկա և նախորդ բոլոր ընտրությունների տարբերության մասին

Armenpress 20:51, 10 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն առանձնացրեց առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները մնացած բոլոր ընտրություններից տարբերող երկու գործոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը այս մասին խոսեց քարոզարշավի շրջանակում ապարանցիների հետ հանդիպմանը:

«Այս ընտրությունները տարբերվում են Հայաստանում կայացած մնացած բոլոր ընտրություններից: Հիմնական գործոնը, որը տարբերում է այս ընտրությունները, այն անվտանգային միջավայրն է, որն անցյալ ընտրությունների ժամանակ մենք չենք ունեցել: Մենք իրականում ավելի անվտանգ էինք զգում, ոչ ոք սահմաններից չէր խոսում, մենք հաղթանակած երկիր էինք: Եվ այդ տեսանկյունից այլ տրամադրությունների մեջ ենք եղել: Հիմա լրիվ այլ իրավիճակ է: Անցած բոլոր ընտրությունների ժամանակ արժեքային համակարգի խարխլման մասին ևս չէինք խոսում, այդ կասկածը չկար, որ մեր արժեքային համակարգից ինչ-որ բան են գողանում, մեզ փորձում են վերափոխել, այլ տեսակ դարձնել»,-ասաց Քոչարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ անվտանգության հետ կապված հարցերը և ազգային արժեքային համակարգի խարխլումը զուգահեռ են առաջացել, միասին են քայլում հիմա:

Քոչարյանը հարց առաջ քաշեց. «Ուղղակի այդպե՞ս է ստացվել, թե՞ մտածված քաղաքականություն է իրականացվել՝ այս երկու ուղղություններով՝ կոտրելու մեր կյանքը, մեր տեսակը, որն անխուսափելիորեն բերում է պարտության, հայրենասիրության նվազեցման»:

Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը 2018-ից սկսած վարել է գործող իշխանությունը՝ շեշտելով, որ այդ ուժը պետք է հեռանա: Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանության պաշտոնավարումը շարունակվելու դեպքում կորուստները չեն սահմանափակվելու եղածով:

«Հնարավոր չէ այս տարածաշրջանում ապրել՝ առանց պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքի, հնարավոր չէ այս տարածաշրջանում ապրել՝ առանց մարտունակ բանակի»,-ասաց Քոչարյանը:

Նրան զարմացնում է, որ հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով մարդիկ ի պաշտպանություն գործող իշխանության են արտահայտվում: Քոչարյանը փորձեց հիմնավորել, թե ինչու մարդիկ պետք է ընտրեն «Հայաստան» դաշինքին՝ շեշտելով իրենց ուժի գիտելիքների, փորձի, վճռականության և կամքի մասին: «Ես 10 տարի նախագահ եմ եղել և այդ տարիների ընթացքում երկրի տնտեսությունն աճել է երկնիշ թվերով»,-ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am