1000х90.jpg (78 KB)

Զինդատախազությունը քրգործ է հարուցել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

Armenpress 21:22, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածք ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքը այսօրվա չէ և նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ և ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից»,- ասվում գրառման մեջ:

Աբրահամյանը հավելել է, որ խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։

Նրա տեղեկացմամբ՝ նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ հունիսի 8-ին ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am