1000х90.jpg (78 KB)

Աստղաձորում կանգնեցվեց եւ օրհնվեց Պահապան Խաչը

Armenpress 14:10, 5 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի արեւմտյան եզրին վեր բարձրացավ  եւ օրհնվեց Պահապան Խաչը` օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ բարերարությամբ Համլետ Պետրոսյանի ընտանիքի։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, Աստղաձոր համայնքի բնակիչներ։ Պահապան խաչը` 15 մետր բարձրությամբ, վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում, ձորի հանդիպակաց բարձունքում։

Օրհնության կարգից հետո ոգեկոչման խոսք հնչեցրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ «Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան  Խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված  են պատմության վեհաշուք կոթողները։ Նախորդ տարի այս գյուղում մենք օրհնության կարգ  ենք կատարել Սուրբ Հռիփսիմե մատուռում, որը բացառիկ է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս Խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաեւ  ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը եւ այժմ համեստորեն ապրում  են մեր կողքին։ Այդպիսի քաջ զինվորներից մեկն է նաեւ այս Պահապան Խաչի կառուցման նախաձեռնող ու բարերար Արթուր Պետրոսյանի որդին, ով դիմացավ պատերազմի դաժան փորձությանը եւ առողջ տուն վերադարձավ ու այժմ մասնակցում է հայրենաշինությանը։ Դարեր ի վեր մեր ժողովուրդը հավատացել է Խաչի զորությանը եւ հիմա էլ, հինավուրց խաչքարերի ներկայությամբ պաշտելու է այս Խաչը` ի զորություն եւ ի բարօրություն Հայոց  երկրի»,-ասաց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

«Պահապան  Խաչը  տեղադրվել  է մի այնպիսի վայրում, որտեղ մի կողմից գյուղը պահպանող բարձունքն  է` բնության  հրաշալի  տեսարանով, մյուս կողմից  էլ  միջնադարյան տարբեր դարաշրջանների վեհաշուք ու արվեստի գլուխգործոց հանդիսացող խաչքարերն են, որոնք փաստում են, որ հայ ժողովուրդն այստեղ ապրել ու արարել է շատ դարեր առաջ, այստեղ կապրի, կատարի ու կլինի հավերժ։ Փառք մեր հերոսներին, փառք այն տղաներին, ովքեր հրաշքով ողջ մնացին պատերազմի դաշտում ու իրենց հերոսական մաքառումով փրկեցին մեր հայրենիքը։ Թող այս Խաչը պահապան լինի Աստղաձորում, Հայոց աշխարհին, ապավեն լինի մեր երազանքներին ու սուրբ նպատակներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարերարին ու շինարարներին, որոնց ջանքերով վեր խոյացած Պահապան Խաչը խորհրդանշում է հայկական աշխարհի հավերժության, ազգային հավատի ու արժեքների պահպանության գաղափարը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Արարողության  ավարտին բարերարի կողմից բաժանվեց Սուրբ Մատաղ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am