Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին

Armenpress 19:16, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերին այդ մասին հաղորդագրություն կտարածվի:

«Ինձ զեկուցել են՝ ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն արդեն նրան ձերբակալել է, ես գիտեմ այդ մարդու անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը:  Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ պետք է մեղքն ապացուցվի»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք ինքը մինչ օրս չի կարողանում հասկանալ:

«Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամբողջական զորամասը զենք-զինամթերքով լիքը, լիքը պահեստներով և ամբողջությամբ լքված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է ստանանք: Ինչքան քիչ էմոցիոնալ վիճակում դրան գնանք, այնքան ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am