Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար

Armenpress 09:05, 2 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդվածով, որում անդրադարձել է 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժետությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Տիգրան Ավինյանի հոդվածը. 

Արհեստական բանականության կարևորությունը 21-րդ դարում

Արհեստական բանականությունը (ԱԲ) 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից է և ամբողջ թափով ընթացող Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Սահմանումներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային համակարգ է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն և կարողություններ պահանջող խնդիրներ: Այն արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և շուտով ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը:

Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ՝ առողջապահությունից մինչև ռազմական գործ: Օրինակ՝ ԱԲ գործիքի շնորհիվ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ճշգրտության 90% արդյունք: Իսկ զարգացած երկրների բանակները արդեն շատ մոտ են ինքնավարությամբ օժտված «մարդասպան ռոբոտներ» (killer robots) ստեղծելուն:

ԱԲ-ն այսօր առանցքային ռազմավարական նշանակություն ունի ու տնտեսական զարգացման շոգեքարշերից մեկը կարող է դառնալ, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կտրուկ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը: Հեղինակավոր «PwC»-ի գնահատմամբ՝ մինչև 2030թ. ԱԲ կիրառման շնորհիվ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 15,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Մոտ ապագայում ավտոմատացման ու մեքենա-մարդ դերերի նոր բաշխման արդյունքում բարդ կարողություններ ու ստեղծագործական մոտեցումներ չպահանջող միլիոնավոր աշխատատեղեր կփակվեն, մյուս կողմից՝ կստեղծվեն միլիոնավոր նորերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներից մեկի համաձայն՝ մինչև 2022թ. ավարտը ԱԲ ազդեցությամբ 75 միլիոն աշխատատեղ կփակվի, իսկ 133 միլիոնը՝ կստեղծվի:

Հաշվի առնելով ԱԲ ռազմավարական կարևորությունը՝ զարգացած ու նույնիսկ զարգացող երկրները մրցավազք են սկսել ոլորտում գերակայության հասնելու համար՝ լայնածավալ ներդրումների ու թիրախավորված քաղաքականությունների միջոցով ձգտելով իրենց քաղաքացիներին, արդյունաբերությունը և ինստիտուտներին զինել ԱԲ դարաշրջանի համար անհրաժեշտ կարողություններով, գիտելիքով ու գործիքակազմով:

Գիտական ու փորձագիտական շրջանակներում համընդհանուր կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ երկրները, որոնք արագ կկողմնորոշվեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առավելագույնը կանեն ԱԲ-ն զարգացնելու համար, առաջատար դիրք կունենան նոր ձևավորվող աշխարհակարգում:

Չնայած ԱԲ ոլորտում ԱՄՆ-ն դեռևս առաջատարն է՝ Չինաստանը նախատեսում է 2030թ. դառնալ արհեստական բանականության հիմնարար ու կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհում: Միաժամանակ, համեմատաբար փոքր երկրները, այդ թվում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Իսրայելը, նույնպես զգալի ձեռքբերումներ ունեն: Օրինակ՝ 2018թ. դրությամբ Իսրայելը ԱԲ ոլորտի ստարտափների քանակով շատ քիչ էր զիջում երկրորդ տեղը գրավող Չինաստանին (362-ը՝ 383-ի դիմաց), իսկ Իռլանդիան մեկ շնչի հաշվով ԱԲ մասնագետների առաջատարն է Եվրոպական միությունում: Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ևս կարող է տեղ գրավել առաջատար երկրների շարքում: Դրա համար, սակայն, պետք է օր առաջ խթանել ոլորտի զարգացումը:

 

 

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Հաշվի առնելով ԱԲ բազմաթիվ կիրառությունները՝ այն Հայաստանի համար կարող է դառնալ թե՛ տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի գործիք, թե՛ ռազմական ոլորտում որոշիչ առավելություն ստանալու հնարավորություն: Հայաստանը զգալի ներուժ ունի նաև արհեստական բանականության հիմնարար հետազոտությունների (նոր ալգորիթմների ստեղծում բարդ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ) կենտրոններից մեկը դառնալու համար:

Ըստ էության, ԱԲ-ի հիմնարար հետազոտությունները շատ մեծ ներդրումներ չեն պահանջում. հիմնականում անհրաժեշտ է լինում կայուն ինտերնետային կապ, որոշ դեպքերում էլ՝ սուպերհամակարգիչներ (օր.՝ ավելի բարդ նեյրոնային ցանցի ուսուցում անցկացնելու համար): Բացի այդ, մենք նշանակալի ժառանգություն, կայացած ավանդույթներ և համեմատական առավելություն ունենք Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:

Ցավոք, Հայաստանի ամուր բնագիտական հիմքը դեռևս լայնորեն չի օգտագործվում ԱԲ զարգացման համար։ Չնայած մի շարք համալսարաններում վերջին տարիների ընթացքում բացվեցին արհեստական բանականության ուսուցմանը վերաբերող բակալավրի և/կամ  մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաև ստեղծվեցին ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ԱԲ ուսուցումը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում։ Բացի այդ, Հայաստանում չկան դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ինչը բերում է իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնել ցանկացող երիտասարդ «ուղեղների արտահոսքի» կամ գիտական թերաճի, ինչի պատճառով ոլորտը դանդաղ է զարգանում:

Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաև ԱԲ ինժեներիայի զարգացմանը, որը հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված ալգորիթմների կիրառումն է մարդկային գործունեության տարբեր խնդիրների լուծման համար: Ալգորիթմը կիրառելու և այն որոշակի խնդրին ադապտացնելու համար  անհրաժեշտ են լինելու իրական մարդկանց տվյալներ: Այստեղ արդեն մեծ կարևորություն է ունենալու պետության կողմից տվյալների հավաքագրումը, թվայնացումը և բազաների ստեղծումը, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովումը:

 

Արհեստական բանականության ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

ԱԲ ազգային ռազմավարությունները և դրանից բխող գործողությունների ծրագրերը ոլորտի շահառուների գործունեության համակարգման ու ուղղորդման, մեկ միասնական քաղաքականության վարման շրջանակ են: 2017թ. Կանադայի կողմից ԱԲ զարգացման ռազմավարության հրապարակումից հետո 30-ից ավել երկրներ արդեն մշակել են նմանատիպ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով խթանել ոլորտում հեռանկարային գիտական ու կիրառական հետազոտությունները:

Հայաստանում ԱԲ առաջընթացի համար այսօր առաջնային խնդիրը զարգացման ազգային ռազմավարության մշակումն է: Ընդ որում՝ ռազմավարություն ասելով անհրաժեշտ է պատկերացնել ոչ թե կաղապարային փաստաթուղթ, այլ ոլորտի զարգացման կոնսենսուսային տեսլական ու դրան հասնելու կոնկրետ միջոցառումներ՝ կառավարության, մասնավորի ու գիտահետազոտական լայն շրջանակների ակտիվ ներգրավմամբ:

Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ միջոցառումների, կարող են առաջարկել՝

Ներդնել ԱԲ-ի դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ընդլայնել ՏՀՏ ոլորտում կրթություն տրամադրող համալսարաններում ու կենտրոններում ԱԲ դերը, Օգտվելով սփյուռքում առկա հսկայական մարդկային ու սոցիալական կապիտալից՝ բնագավառի առաջատար միջազգային հաստատությունների համագործակցությամբ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, Կազմակերպել բարձր որակավորում ունեցող հետազոտողների՝ հատուկ պայմաններով ներգաղթ Հայաստան, Պետություն-մասնավոր գործակցության մոդելն ընտրելով՝ ստեղծել հատուկ վենչուրային ֆոնդ, որը ներդրում կկատարի ԱԲ ոլորտի խոստումնալից ստարտափներում, Ապահովել երկրում ստեղծվող տվյալների հավաքագրումը, թվայնացումն ու հասանելիությունը, իրականացնել համակարգված ու միասնական քաղաքականություն պետական տարբեր գերատեսչությունների կողմից, ստեղծել այս գործընթացի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Կարծում եմ, որ պետություն-մասնավոր-գիտական հանրույթ արդյունավետ համագործակցության և նպատակային աշխատանքի միջոցով Հայաստանը կկարողանա մուտք գործել արհեստական բանականության ոլորտի առաջատար երկրների խումբ, ինչը ամուր հենարան կլինի 21-րդ դարում տեխնոլոգիական ցատկի և զարգացողից զարգացած երկրի կարգավիճակի հասնելու համար:

             



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am