Տարբեր կազմակերպություններից մոտ 200 հրեաներ հանդիպել են Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ հոգևորականի հետ

Armenpress 10:54, 24 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի, ինչպես նաև Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Մայիսի 18-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն տարածեց՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին:

«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են:  Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»,- տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am