Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԼՂ հարցը կարգավորելու կառավարության քաղաքական կամքը

Armenpress 12:40, 20 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր արձանագրում է համարում այն, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ավելի ու ավելի ակտիվ են խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ կարևոր է նրանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է։

«Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և այն դեռ պետք է կարգավորվի։ Եվ ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ այո, գնալ և կարգավորել հարցը։ Ինչի՞ համար, որովհետև այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։ Սա հեշտ գործ չէ, չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am