Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

Armenpress 20:29, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավտոհաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկման շուրջ տիրող անորոշությամբ: Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը: Նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աերոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ: Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am