Ալիևն «էդ անտեր միջանցքը» չի ստանալու, որովհետև ճանապարհը որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի. պատգամավոր

Armenpress 19:24, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի մարզի վերջին իրադարձություններին ու «Զանգեզուրի միջանցքի» թեմային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եղոյանը գրել է.

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։ Դրանից երեք շաբաթ անց ադրբեջանական մեկ զորախումբ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։

Երկու օր անց այս հարցով Ազգային Ժողովում հրավիրված նիստում ասեցի․ «Հիմա եթե Սյունիքում մենք մի բան հանձնեինք իր (Ալիևի) ուզածից, բա էս դեպքը կլինե՞ր, բա չի հանձնվում չէ՞ էդ անտերը (իր ուզածը), որ մտել ա, չի հանձնվում չէ՞, չեք հասկանու՞մ էդքան բանը, ինչի՞ ա մտել ուժով, որովհետև ուրիշ ձև չի կարողանում ստանա դա ու չի էլ ստանալու, ուժով էլ չի ստանալու»:

Թվում էր, թե պարզ է, թե ինչն եմ ակնարկում «էդ անտերը» ասելով, էդ անտեր, էդ չարաբաստիկ միջանցքը։ Ու թեև մինչ օրս բանակցություններում ադրբեջանական կողմը պաշտոնապես որևէ միջանցքի հարց չի բարձրացրել, փոխարենը դրանով զբաղված են ադրբեջանական տելեգրամ ալիքները ու դրանց բովանդակությունը Հայաստանում տարածող ուժերը։ Նույն այդ ուժերն են իրենց անսահմանափակ ֆինանսական ու մեդիա ռեսուրսով աղավաղում ասածիս բուն իմաստը։ Իսկ իմաստը շատ պարզ էր․ Ալիևն իր ուզած միջանցքը, էդ անտեր միջանցքը չի ստանալու, որովհետև ճանապարհը որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am