Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Armenpress 17:56, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 9-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի Հանրապետության դեմ` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am