Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը բարձր են գնահատել հայ- ճապոնական հարաբերությունների մակարդակը

Armenpress 17:27, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Անդրանիկ Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:

«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 

 

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am