1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեկնարկեց խեցեգործությանը նվիրված գիտական զեկուցմամբ

Armenpress 17:13, 18 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նախատեսված «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեկնարկեց խեցեգործությանը նվիրված գիտական զեկուցմամբ, որը ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին եւ զեկույցն ունկնդրեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Թանգարանում պահվող խեցեգործական իրերի ցուցադրություն էր կազմակերպվել ինչպես մուտքի մոտ, այնպես էլ դահլիճում, որտեղ ներկայացվում էր զեկուցումը։

Ինչպես միջոցառման բացման ու շնորհավորանքի խոսքում նշեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում պահվում է պատմագիտական նշանակության 9383 նմուշ, որոնց մեջ իրենց բացառիկ տեղն ունեն խեցեգործական իրերը, որոնք հայտնաբերվել են Գեղարքունիքի մարզի հնագույն դամբարաններում իրականացված պեղումների, շինարարական աշխատանքների ընթացքում կամ սերնդեսերունդ պահպանվել եւ թանգարանին են փոխանցվել տարբեր մարդկանց միջոցով։  

«Խեցեգործական ու պատմագիտական մյուս իրերը, որոնք պահպանվում են մեր ցուցանմուշներում, թվագրվում են Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից մինչեւ նոր ու նորագույն ժամանակներ։ Այդ արժեքների պահպանությունը մեր սրբազան պարտքն ու պարտականությունն է, որը փորձում ենք իրականացնել անխափան ու դրանք անաղարտ կերպով փոխանցել գալիք սերունդներին»,-ներկայացրեց Բյուրեղիկ Հովեյանը։

Զեկուցող Մանյա Չարվադարյանը մանրամասնորեն ներկայացրեց  խեցեգործության սկզբնավորման ու զարգացման ժամանակագրությունը, տեսակները, կիրառությունը ինչպես կենցաղում, այնպես էլ շինարարության ու արվեստի մեջ։  

«Խեցեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է անհիշելի ժամանակներից ու շարունակվել մինչեւ նորագույն ժամանակներ։ Մեր թանգարանում պահպանված բացառիկ ու բազմազան խեցեգործական իրերի ցուցանմուշները փաստում են, որ հեռավոր ժամանակներից մեր նախնիները վարել են նստակյաց կյանք եւ իրենց ձեռքերով  թրծած կավի միջոցով ոչ միայն բարձր կենցաղավարություն են ապահովել, այլ նաեւ կերտել են արվեստի ու արհեստագործության հիանալի նմուշներ, որոնք մինչ օրս պահպանում են իրենց պատմամշակութային բարձր արժեքները։ Խեցեգործությունը եղել է ու կլինի հայ ժողովրդի զբաղմունքի, ստեղծարար ձգտումների, ազգային խառնվածքի ձեւավորման, տնտեսական ու մշակութային առաջընթացի անբաժան մասը»,-զեկուցման մեջ նշեց Մանյա Չարվադարյանը։

Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի հավաստմամբ՝ թանգարանը բաց կլինի մինչեւ կեսգիշեր, որի ընթացքում գիտաշխատողներն այցելուներին կներկայացնեն թանգարանում պահվող պատմագիտական պատմամշակութային ցուցանմուշները, այդ թվում՝ խեցեգործական իրերը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am