Թուրքիան հանդես է եկել Պաղեստինի քաղաքացիների պաշտպանությունն ապահովող միջազգային ուժերի ստեղծման օգտին  

Armenpress 16:39, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ քաղաքացիների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար միջազգային ուժերի ստեղծման օգտին։ Այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 16-ին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաղեստինցի խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման համար։  Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է ԻՀԿ-ի վրա, - ընդգծել է նա իր ելույթի ժամանակ։  - Մենք պետք է աշխատենք Պաղեստինի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու համար միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թվականի հունիսին ընդունված բանաձեւին համապատասխան։  Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաեւ ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան ռազմական եւ ֆինանսական աջակցություն շահագրգիռ երկրներից»:

Չավուշօղլուի խոսքով՝ «եկել է Պաղեստինի հարցում միասնության եւ վճռականության ժամանակը»: «Իսլամական աշխարհը մեզանից առաջնորդություն է ակնկալում, եւ Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», - հավելել է նա:

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական խմբավորումների եւ իսրայելական բանակի կողմից փոխադարձ հարվածները շարունակվում են մայիսի 10-ից: Նրանք հաջորդել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք սկսվել են Շեյխ-Ջարահ թաղամասում գտնվող արաբական ընտանիքներից տներ առգրավելու մասին իսրայելական դատարանի որոշման պատճառով: ՏԱՍՍ-ի վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, պաղեստինի կողմից՝ 181, այդ թվում՝ 52 անչափահաս եւ 31 կին, տուժել է 1 125 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am