Առաջին նախագահը ներկայացրեց իր ակնկալիքները առաջիկա խորհրդարանական ընտրություններից

Armenpress 15:31, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ իր ելությում ներկայացրեց, թե ինչ ակնկալիքներ ունի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից։

«Առաջին՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյան իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի է երեք նախագահների դաշինքի (Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան) պարագայում։ Դա լուծված հարց էր, եթե այդ դաշինքը կայանար՝ Նիկոլը երբեք չէր վերադառնա իշխանության։

Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը լուծվում էր նույն պարագայում։ Ի դեպ վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ նրա հետ հանդիպման ժամանակ, որ ես այդ դեպքում ստիպված եմ լինելու պայքարել նույնքան կատաղի ոչ միայն Փաշինյանի, այլև նրա դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց հանրությանը հուզող այն հարցին, թե արդյոք «Հայ ազգային կոնգրես»-ը մասնակցելու է առաջիկա խորհդարանական ընտրություններին։

 «Ինչ վերաբերվում է Հայ ազգային կոնգրեսի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտրիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա, ինքնըստինքյան հասկանալի է, որ ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին»,- նշեց Պետրոսյանը համագումարի մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո։

ՀՀ առաջին նախագահը վերջում հավելեց, որ պայքարը դժվար է լինելու, սակայն մի ճշմարտություն կա․ «Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։

ՀՀ առաջին նախագահը ելույթի ընթացքում նաև խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նշելով, որ մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

«Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից որդեգրած՝ ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» սադրիչ հայտարարությամբ, ինչը եղավ Հայաստանի, Ղարաբաղի վերջը»,- ընդգծեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ 23 տարի շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

«Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը»,- եզրափակեց առաջին նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am