Ամասիայում եկեղեցի է կառուցվելու

Armenpress 12:48, 16 Մայիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եկեղեցին տարածաշրջանում կլինի եզակի:

Տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի  տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի  ծառայել է  կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։

Ամասիայում եկեղեցի կառուցելու նախաձեռությամբ հանդես է եկել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  ամեն ինչ անելու է, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։  «Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը, որտեղ մարդիկ իրենց աղոթքն անում են, որոշեցինք հենց այստեղ եկեղեցի կառուցել, որպես Հայաստանի ամենահյուսիսային կետ՝ ցույց տալով նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միասնականությունը»,- նշեց Վահե Հակոբյանը: 

 

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am