Հայկական ստորաբաժանումները կանխել են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքային ապահովման աշխատանքները. ՀՀ ՊՆ

Armenpress 11:11, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ «Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում, ինչպես նաև հիշեցնում, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am