Ֆիլիպ Ռիքերն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին

Armenpress 17:23, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրավիճակի լարվածությունը դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով նվազեցնելու կարևորությունը:

Ջեյհուն Բայրամովը Ֆիլիպ Ռիքերին տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների համար ուղարկվել է Ադրբեջանի Սահմանապահ ծառայության ղեկավարությունը:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն  ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am