Այվազյանն ամերիկյան կողմին հայտնել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների անթույլատրելիության մասին

Armenpress 23:07, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հեռախոսազրույցի առանցքում եղել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am