1000х90.jpg (78 KB)

Այվազյանը և ԵԱՀԿ Գործող նախագահը տարածաշրջանային անվտանգությանը լուրջ մարտահրավեր են համարել Ադրբեջանի գործողությունները

Armenpress 20:03, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման եղել է ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է  Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք են եղել, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են  նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am