1000х90.jpg (78 KB)

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Armenpress 17:48, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: 

«Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:

Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից:

Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- նշված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am