«Հաղթանակ» զբոսայգու կարուսելներն անվտանգ են երեխաների համար. ԱԻՆ-ը փորձաքննում է դրանք

Armenpress 15:35, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է թվով 179 կարուսել, որոնցից 117-ը գտնվում են Երևան քաղաքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը:

Կարուսելների մյուս մասը գտնվում է Կոտայքում՝ 10 հատ, Շիրակի մարզում՝ 19, Սյունիքում՝ 16, Տավուշում՝ 3, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 2, Լոռիում՝ 6 հատ: 

«Գոյություն ունի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենք, համաձայն որի կարուսելը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: Այդ օրենքում ասվում է նաև, որ յուրաքանչյուր արտադրական օբյեկտ տարեկան առնվազն 1 անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Ընթացակարգն այսպես է լինում՝ զբոսայգու տնօրինությունը դիմում է ՊՈԱԿ-ին, ինչից հետո մեր մասնագետները ներկայանում են ու իրականացնում փորձաքննություն»,- նշեց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ «Հաղթանակ» զբոսայգում արդեն իրականացվել է  փորձաքննություն, հայտնաբերվել են որոշակի թերություններ: Դրանք վերացնելու համար տրվել է ժամանակ, նշված թերությունները վերացվել են, ինչից հետո ԱԻՆ-ը կատարել է կրկնակի փորձաքննություն:

«Կրկնակի փորձաքննության արդյունքում մեր մասնագետներն արդեն ոչինչ չեն հայտնաբերել, տրվել է դրական եզրակացություն: Տարբեր խնդիրներ են եղել, օրինակ՝ ամրագոտիների, «Պտտվող անիվի» ճոպաններից մեկի և այլնի վերաբերյալ: «Լունապարկի» տնօրինությունն էլ է դիմել մեզ, որպեսզի գնանք և փորձաքննություն իրականացնենք, առաջիկայում այնտեղ էլ աշխատանքներ կկատարվեն»,- ասաց մասնագետը:

2020 թվականին ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիան աշխատանքներ չի իրականացրել՝ կորոնավիրուսով պայմանավորված:

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am