1000х90.jpg (78 KB)

«Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

Armenpress 14:39, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, կներկայացվեն «Արցախյան կամուրջներ»  ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի մայիսի 18-ին: Այն կգործի մինչև մայիսի 28-ը:

Ցուցահանդեսին Զոհրաբ Ըռքոյանը հանդես կգա նաև «Քաշաթաղը լուսանկարներում» բանախոսությամբ:

Արցախի Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի, Ողջիի և Ծավի ստորին հոսանքների ավազանները, իր մեջ է առել Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Հաբանդ և այլն, ինչպես նաև՝ Արցախ աշխարհի Բերդաձոր և Վայկունիք գավառները։

Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանին: Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է, որով անցնում է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։ Շրջանի մակերեսը 3377 կմ² է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am