1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի հատվածում իրադրության մասին

Armenpress 11:33, 13 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակին:

«Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա: Բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս Խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել, մեր միջդիրքային տարածքներով անցել ու հասնել են Սև լիճ: Դա առանձին խնդիր է, որ անպայման կդիտարկվի:

Երեկվանից քննարկվում է, ասվում է՝ Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ բոլորի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը՝ տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի: Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հիմա տեղում ընթանում է աշխատանք, այսօր կառավարության նիստից հետո կլինի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

«Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային ու պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովեն՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, ու այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am