ԱԳ փոխնախարարը ՖԽՎ պատվիրակությանը ներկայացրել է պատերազմի հետևանք հումանիտար ճգնաժամը

Armenpress 20:54, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մայիսի 11-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձել հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am