«Շախմատ հանուն ազատության» դեմո մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի թիմը և գրավեց երրորդ տեղը

Armenpress 20:45, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի (Չիկագո, ԱՄՆ) կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» միջոցառման շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և ԱՄՆ-ի ազատազրկման մեջ գտնվող անձինք մրցեցին առցանց դեմո շախմատում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ մրցաշարի մեկնարկը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շեշտեց, որ մեկ ամսից ավել է, ինչ սկսվել են աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շախմատի ուսուցման և մասսայականացման ուղղությամբ: «Հավաքական թիմն ընտրվել է քրեակատարողական հիմնարկներում անցկացված մրցաշարերի արդյունքում, իսկ 6 լավագույններն ընդգրկվել են հավաքականում»,-ասաց նա:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով` նախարարությունը մեծապես կարևորում է համանման միջոցառումների իրագործումը: «Շախմատն այն մարզաձևերից է, որը նպաստում է անձի ինտելեկտի, ստեղծարար մտքի զարգացմանը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է դատապարտյալների շրջանում»,-ասաց Հովհաննիսյանը:

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանն առանձնացրեց, որ շախմատը քրեակատարողական հիմնարկներում ունի վարակիչ, մոտիվացնող դրսևորում: «Տարեցտարի ավելի շատ դատապարտյալներ են մասնակցում շախմատային ներքին մրցաշարերին: Կարծում եմ, որ ոչ միայն շախմատը, այլ նաև նման հավաքական միջոցառումները իրենց ուրույն դերակատարումն ունեն վերաինտեգրման ասպարեզում»,-մեջբերեց նա:

Առցանց դեմո մրցաշարում Հայաստանի թիմը Իսպանիայի հետ մրցախաղն ավարտեց ոչ-ոքի (2:2), պարտվեց Ռուսաստանին 4:0 և ԱՄՆ-ին` 3:1 հաշվով: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է, երկրորդը` ԱՄՆ, իսկ եռյակը եզրափակում է Հայաստանը: Իսպանիայի 4-րդն է:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի (Չիկագո, ԱՄՆ) կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակն է շախմատի ներդրումը որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-14-ը անցկացվելիք «Բանտարկյալների համար միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը», որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը: «Արմավիր» ՔԿՀ-ում կայացած շախմատի առաջնության արդյունքում դատապարտյալներից ընտրվել են հինգ լավագույն խաղացողները՝ Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու համար։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am