«Շիրակ»-ը դաշտում շատ վատ տեսք ուներ. Դավթյան

Armenpress 20:34, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով՝ «Նոա»-ի դեմ հանդիպմանն իր թիմը վատ տեսք ուներ:

«Շիրակ»-ը դաշտում շատ վատ տեսք ուներ: Փոփոխություններ էինք կատարել մեկնարկային կազմում, որպեսզի  թարմություն ապահովեինք: Առաջին գոլը բաց թողեցինք պատահականության արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը: Դավթյանի խոսքով` առաջին գնդակից հետո «Շիրակ»-ը չկարողացավ վերագտնել իր խաղը: «Դժվար է հավաքված խաղալ, երբ պարտվում ես 3:0 հաշվով»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին: Հայաստանի գործող գավաթակիրը առաջին խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը: 

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ը 20 խաղից հետո ունի 37 միավոր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am