Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Armenpress 20:26, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 28-ի, այդ թվում 10 երեխա: 152 մարդ վիրավորվել է»,- տեղեկացրել են Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունից:  

Պաղեստինի անկլավին սահմանակից քաղաքներում, ինչպես նաև Աշկելոնում նախորդ գիշերվանից օդային տագնապի ձայները չեն դադարում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են կրակահերթի տակ պահել խոշոր Աշդոդ քաղաքը:    

Երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից բաց է թողնվել ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակն ի պատասխան ոչնչացրել է ավելի քան 130 ռազմական նպատակակետ, 15 գրոհային: Իսրայելի բանակը ներգրավել է 5 հազար պահեստազորյինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ օպերացիայում տարբեր ստորաբաժանումներ ամրապնդելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am