Տիգրան Մուկուչյանը մանրամասներ հայտնեց ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից

Armenpress 16:20, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնվազն 1500 ընտրատեղամասում տեղադրված լինեն տեսախցիկներ, որոնք կապահովեն ուղիղ հեռարձակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր ընտրատեղամասերում են լինելու տեսախցիկներ, որոնք ապահովելու են ուղիղ հեռարձակում:

«Այս փուլում տարվում են աշխատանքներ: Տեսախցիկների տեղադրումն ընտրությունների ժամանակ իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ նախկին ընտրությունների ժամանակ 2009 ընտրատեղամասից տեսախցիկներ տեղադրված եղել 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրողների ճնշող մեծամասնությունը: Միայն հեռավոր բնակավայրերում շատ փոքր թվով ընտրողների ունեցող տեղամասերում է, որ տեսախցիկներ չեն եղել:

«Այս անգամ աշխատանքը տարվում է այնպես, որ 1500 տեղամասերը պետք է ծածկվեն»,-ասաց ԿԸՀ նախագահն ու հավելեց՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնեն այն ժամանակ, երբ աշխատանքները մեկնարկեն:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսած որոշ քաղաքական ուժերի պաստառներ արդեն փակցված են՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում՝ բացառապես ընտրական օրենսգրքի մասնակից սուբյեկտների նկատմամբ, իսկ այս փուլում դեռ չկան գրանցված թեկնածուներ:

«Երբ թեկնածուները գրանցվում են, դրանից հետո սկսվում է քարոզչության փուլը, գործում են քարոզչության կանոնները, և սկսվում է համապատասխան վերահսկողություն՝ նաև քարոզչական պաստառների հետ կապված: Ընտրական օրենսգիրքն ունի հստակ կանոնակարգումներ այս առումով, և հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք կփակցվեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս կամ փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի, տպագրատան և այլ նշումներ, բնականաբար կհեռացվեն: Իսկ այս պահին ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ նախատեսված չէ: Չի բացառվում անգամ, որ որևէ պաստառ ունեցող սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի»,-ասաց Մուկուչյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի երեկոյան արդեն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am