ԲԴԽ անդամները հանդիպել են Երևանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Armenpress 13:19, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 10-ին աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները:

Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am