«Նոր գիրք»-13/21. Ի՞նչ գրքեր փնտրել այս շաբաթ

Armenpress 09:00, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Աշոտ Աղաբաբյան, «Գաղտնիքների տիրակալը»

Գրող, հրապարակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Թարգմանական գրականություն 
Մարիո Վարգաս Լյոսա, «Սոսկալի ժամանակներ» 

Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված այս վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ: Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: 

Փաստավավերագրական գրականություն 
Ռոբին Շարմա, «Ով լաց կլինի, երբ դու մահանաս»

Ռոբին Շարման իր հերթական բեսթսելերում՝  «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գրքում, շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից  դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևովորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը... Կյանքի նպատակը նպատակային կյանքն է...Անգլերենից թարգմանել է Աննա Աբրահամյանը: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am