«Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը և Յուվենտուս»-ը կարող են հեռացվել եվրոգավաթային մրցաշարերից

Armenpress 15:43, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը կարող են հեռացվել եվրոգավաթային մրցաշարերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: ՈՒԵՖԱ-ն կարող է երեք ակումբներին որակազրկել երկու տարով և հեռացնել Չեմպիոնների և Եվրոպա լիգայի խաղարկություններից: Նման որոշման պատճառ կարող դառնալ այն, որ ակումբները հրաժարվում են լքել Սուպերլիգան:

Եվրոպական ֆուտբոլային 12 ակումբներ համաձայնության էին եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից պետք է ներկայացներ 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրներն են «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերը:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am