Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին

Armenpress 14:10, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա և սպառազինություն են տեղակայում Կիևի վերահսկողության տակ անցած Դոնբասի բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:

ԼԺՀ  Ժողովրդական միլիցիան բազմիցս մեղադրել է Կիևին Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում զենք և տեխնիկա տեղակայելու մեջ:

«Լրացուցիչ միջոցառումների երրորդ կետի խախտմամբ հակառակորդը շարունակում է սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում»,- լրագրողներին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկան տեղակայվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Զոլոտոյե-2, Լուգանսկի, Մուրատովո և Գեևկի բնակավայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am