1000х90.jpg (78 KB)

Ingenuity ուղղաթիռն առաջին անգամ Մարսի վրա վայրէջք է կատարել նոր վայրում

Armenpress 12:55, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, մոլորակի վրա իր հինգերորդ թռիչքի ժամանակ վայրէջք է կատարել նոր վայրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NASA-ն:

Այս անգամ թռիչքը շարունակվել է 108 վայրկյան, ուղղաթիռը տեղափոխվել է 129 մետր դեպի հարավ և բարձրացել է 10 մետր՝ վայրէջքից առաջ բարձր որակի գունավոր լուսանկարներ անելով:

Նախորդ չորս թռիչքների ժամանակ ուղղաթիռը մշտապես վերադառնում էր թռիչքի վայր: «Մեր հետագա նպատակն է՝ Ingenuity-ն տեղափոխվի այնպես, որ չդանդաղեցնի Perseverance-ի գիտական ուսումնասիրությունները: Մի քանի շաբաթից, երբ մի քանի թռիչքներ ևս կարվեն, NASA-ն կգնահատի արդյունքները»,- նշել է ուղղաթիռի գլխավոր նախագծող Բոբ Բելարամը:

Ուղղաթիռի ստեղծումն արժեցել է 80 մլն ԱՄՆ դոլար: Դրա առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 19-ին: Այն թռել էր 3 մետր, թռիչքի տևողությունը կազմել էր ընդամենը 39.1 վայրկյան:

Perseverance մարսագնացի առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա կան հնագույն կյանքի հետքեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am