ՀՖԿՍՊԻ-ում կայացել է հուշամրցաշար՝ նվիրված զոհված ուսանող բռնցքամարտիկների հիշատակին

Armenpress 22:10, 7 Մայիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և մարզերի մարզադպրոցներից։ Մրցավարությունն իրականացրել են ՀՖԿՍՊԻ-ի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման ուսանողները։ Այսօր կայացած եզրափակիչ մենամարտերին ներկա են եղել հերոսների ծնողները և հարազատները, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։  15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար-ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, ՀԲՖ նախագահը հաղթողներին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ, իսկ ՀՖԿՍՊԻ ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է գավաթ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։  Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ Աշոտ Դանիելյանը, ամփոփելով մրցաշարը, նշել է. «Հուշամրցաշարի նպատակը հերոսների հիշատակը հարգելն էր, նրանց հարազատներին, ընկերներին ու մարզասերներին մեկ վայրում, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելը: Ողջունելի է, որ բոլոր մարզադպրոցները պատրաստակամ ու միասնական ընդունեցին մասնակցության հրավերը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am