ՀՀ ոստիկանության զորքերում ծառայածը ՄԻՊ-ի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ բնակարանային ապահովման հերթացուցակում

Armenpress 21:44, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվել է Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից:

 Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ըստ աղբյուրի՝ հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի եղել: Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:

 ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվել է  Կարեն Կիրակոսյանի իրավունքների վերականգնումը:

               



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am