ՀՀ ՊՆ ռազմական համալսարանում բացվել է Ալեքսանդր Սուվորովի անվան ռուսաց լեզվի ուսուցման լսարան

Armenpress 21:09, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 7-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և ռազմական համագործակցության բարձր մակարդակը շեշտադրում են մշակութային կապերի, այդ թվում նաև՝ լեզվի իմացության կարևորությունը: Հիշեցնելով, որ ընդամենը երկու օր անց՝ մայիսի 9-ին,  նշվելու է ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակի հերթական տարեդարձը, Վաղարշակ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց լսարանում  կվերապատրաստվեն Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայազգի մարշալների և զորահրամանատարների արժանի հետնորդներ:

Ըստ աղբյուրի՝ ազմական համալսարանի կուրսանտների հետ մեկտեղ ռուսաց լեզվի ուսուցման լսարանում իրենց գիտելիքները կհամալրեն նաև ՌԴ ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ դիմող սպաները:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռուսաց լեզվի ուսուցման լսարանը կրում է ռուս անվանի զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի անունը:

               



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am