Հայաստանի դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ

Armenpress 18:25, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի դիվանագիտական դպրոցից,

ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:

«Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում ։

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2021թ. սեպտեմբերին և կավարտվի 2022թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ https://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ https://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2021թ. հունիսին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության և աշխարհագրության մասին, ընդհանուր զարգացվածության և տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից և կարող է ներառել նաև մասնագիտական տեքստերի թարգմանություն դասավանդման լեզուներով։ Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Դիմորդներից ակնկալվում է աշխարհում ընթացող՝ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող հիմնական իրադարձությունների մասին տեղեկացվածություն:

«Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների, այցերի մասնակցության և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. մայիսի 6-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ.

լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը https://admission.diplomaticacademy.am/ հասցեով, ապա

անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 14.30-17.30:

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով»,- տեղեկացնում են Հայաստանի դիվանագիտական դպրոցից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am