Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն 25 նոր բնակավայրերի նախագծեր է պատվիրել

Armenpress 09:05, 7 Մայիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով անօթևան մնացած և տեղահանված արցախցիների համար նոր բնակավայրերի հատակագծման, գույքային վնասների հաշվառման ու գնահատման աշխատանքներին, ինչպես նաև հետպատերազմական ժամանակահատվածում արցախյան անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակին:

-Պարոն Շահրամանյան, 44-օրյա պատերազմի հետևանքով ինչպիսի՞ նոր խնդիրներ ու ծրագրեր են առաջադրվել Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին: Մասնավորապես՝ նոր բնակավայրերի և բնակարանաշինության գործընթացում ի՞նչ ընդգրկվածություն ու մասնակցություն ունի կոմիտեն և Դուք որպես կառույցի ղեկավար:

-Առաջնահերթ խնդիրներից է  Արցախի անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովը, որը գլխավորում եմ անձամբ: 

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար  մշակման փուլում են  նոր բնակավայրերի հիմնման նախագծեր: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք ընդհանուր առմամբ 2600 տներից բաղկացած՝ 25 նոր բնակավայրերի նախագծեր: 

 Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր ենթակառուցվածքներով, ընդ որում՝  ջրամատակարարման, ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրաֆիկացման, փողոցների և մայթերի կառուցման համար: Այս աշխատանքների մեկնարկը տրվել է մոտ 3 ամիս առաջ: Կան համայնքներ, որտեղ այդ աշխատանքներն ավարտված են և հանձնված՝ փորձաքննության:

Մինչև այս տարվա հուլիսի վերջ նախատեսում ենք ավարտին հասցնել նախագծային բոլոր աշխատանքները, որոնց զուգահեռ` կառուցվելիք թաղամասերում կսկսվեն շինաշխատանքներ: Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: 

Բացի այն, որ շինաշխատանքներ են ընթանում Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի 4 գյուղերից տեղահանվածների համար նոր բնակավայրի կառուցման ուղղությամբ,  առաջիկայում շինաշխատանքներ կսկսվեն նաև Աստղաշեն համայնքում, Հովսեփավանում, Իվանյանում ու Խաչմաչում: 

Արցախի նախագահի հանձնարարությամբ նոր բնակավայրերի ներքին կահավորումը նույնպես կիրականացվի կոմիտեի միջոցով: Այս պահին ունենք ավելի քան 20 կազմակերպություն, որոնց հետ առաջիկայում համապատասխան պայմանագրեր են կնքվելու:

-Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ վերջերս ստեղծվել է «ԱՀ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով» Ձեր ղեկավարությամբ: Ի՞նչ խնդիրներ են առաջադրվել  հանձնաժողովին և ինչ աշխատանքներ են նախատեսվում:

-Հանձնաժողովի նպատակը՝  պատերազմական գործողությունների հետևանքով հանրապետության տնտեսության վնասների ընդհանուր չափի  հաշվառումն ու գնահատումն է: Աշխատանքային խմբում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից ու Արցախից։ Պատերազմի հետևանքով կրած կորուստների մեջ առկա է նաև չհաշվառված գույք: Հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներն ըստ ոլորտների՝ պետք է հաշվառեն և ներկայացնեն հանրապետության գույքային վնասները, որից հետո կիրականացվեն գնահատման աշխատանքներ: Հաշվառման ու գնահատման այս ծրագրում ընդգրկված են մարդատար մեքենաներին, բեռնատար, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ նշանակության մեխանիզմներին, անշարժ գույքին ՝ ոչ բնակելի, որի մեջ մտնում են արտադրամասեր (ֆերմաներ, ռեստորաններ և հասարակական նշանակության այլ շինություններ), նյութական ակտիվներին` (կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվափեթակներ, պտղատու այգի և խաղողայգիներ) հասցված վնասները: Բացի այդ, մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը զբաղվում է փաստահավաք գործունեությամբ:

Առաջիկա օրերին դիմումներ ներկայացնելու համար՝  տարբեր լրատվամիջոցներով հանրությանը կտեղեկացնենք մեր տեղակայման վայրի և կոնտակտների մասին: Բացի այս կարգից, Կադաստրի պետական կոմիտեն պետք է ներկայացնի աջակցության միջոցառումների կարգը, որն արդեն մշակված է, որտեղ նշվում են անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև դրամական աջակցության տրամադրման տարբերակները:

Այս գործընթացում  շատ կարևոր է նաև քաղաքացիների ազնիվ վերաբերմունքը:

-Հետպատերազմական ժամանակահատվածում ինչպիսի՞  գործընթացներ են նկատելի արցախյան անշարժ գույքի շուկայում:

- Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է 1125 միավոր անշարժ գույքի նկատմամբ գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 63,5 տոկոսով, իսկ անցած տարվա  չորրորդ եռամսյակի համեմատ` աճել 3,9 անգամ: 

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափ արձանագրվել է Ստեփանակերտում՝ 51,8 տոկոս՝ անցած տարվա չորրորդ եռամսյակի` 49,5 տոկոսի փոխարեն:

Իրականացվել է 212 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 78 գործարք՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Ստեփանակերտ քաղաքում 2021 թվականի առաջին եռամսյակում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում՝ բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի միջին արժեքն առաջնային շուկայում կազմել է 361,7 հազար ՀՀ դրամ, իսկ երկրորդային շուկայում՝ 245,1 հազար ՀՀ դրամ: 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ստեփանակերտ քաղաքում այս տարվա առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքները՝ 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, 2020թ. առաջին և չորրորդ եռամսյակների համեմատ առաջնային շուկայում նվազել է 4.9 տոկոսով, իսկ երկրորդային շուկայում համապատասխանաբար՝ 6,7  և 7,7 տոկոսներով: 

Հարցազրույցը` Վան Նովիկովի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am