Արմեն Գրիգորյանը կրկին անդրադարձել է ԱԽ նիստերում Օնիկ Գասպարյանի զեկույցներին

Armenpress 14:19, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանն այդ մասին խոսել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ շտաբի պետ նշանակվելուց հետո Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել է դիվանագիտական-քաղաքական քայլեր ձեռնարկել. հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել: Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում: Իր՝ մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտություն բառ չկա», - նշեց Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն արդեն պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հայկական կողմը հաջողություններ է ունեցել, ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել:

«Եթե ասել է «որևէ առաջընթաց», ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, տրամաբանությունը հուշում է, որ զեկույցն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ էր», - ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա կարծիքով՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել:

Ավելի վաղ Անվտանգության խորհուրդը հրապարակել էր սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, ինչպես նաև գաղտնազերծված փաստաթղթեր։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am