Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս թեստ չեն հանձնի

Armenpress 12:16, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն անձինք, որոնք կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։

Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս։ «Եվ այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են, առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր»,- ասաց նա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am