Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավելի է 24 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Armenpress 11:57, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի ապրիլին կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշներից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համեմատությունը 2019-ի հետ է, ոչ թե 2020-ի, որովհետև նախորդ տարի կորոնավիրուսի վարակով պայմանավորված ցուցանիշները նվազել էին:

«2021-ի ապրիլին դրամաշրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26,6 տոկոսով ավելի են 2019-ի տվյալներից: Սա բավականին լավ և էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է: Կարևոր եմ համարում, որ Կենտրոնական բանկը հայտարարեց՝ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան կանխատեսվում էր նախկինում: Մենք պետք է այս տեմպն ավելացնենք հնարավոր ամենալայն ծավալով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարվա 4 ամիսների տվյալներով հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 12,3 մլրդ դրամով, իսկ 2019-ից ավելի է 46,5 մլրդ դրամով:

«2021 թվականի 4 ամիսների տվյալներով կատարված գործարքների թիվը 2019-ի համեմատ ավելի է 35,7 միլիոն հատով, իսկ դրամաշրջանառությունն ավելի է 372 մլրդ դրամով»,-ասաց ՊԵԿ նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am