Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 10:54, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին իր տնկած եղևնին:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ այդ թվում Ռուսաստանի Պետական դուման 1995թ. ապրիլի 14-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին: Այնուհետև կրկին դուման հայտարարություն է ընդունել՝ 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am