Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Armenpress 17:43, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում  ստեղծվել է GIS-ի վրա հիմնված  ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն  հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման  համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։

Ծրագրի իրականացման համար  ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։

Այսօր նախարարությունում  ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր  խնդիրներից է համարել  հանրապետությունում աղբահանության  պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման  գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝  մասնավորապես, այս մշակված համակարգի  ներդրումը համայնքներում ակնհայտորեն  կբարելավի և կնպաստի  արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպմանը։ Վաչե Տերտերյանը  նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։

Որպես փորձնական համայնքներ ընտրվել են   Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և  Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների  խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքագրվել են բոլոր անհրաժեշտ տվյալները,կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը և կազմակերպվել են  դասընթացներ պիլոտային համայնքներում։

Քննարկման ընթացքում առաջարկվել է  մշակված գործիքն առաջիկայում  փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում,  իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։

Ծրագիրն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝  ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am