Էրեբունու ոստիկանները երիտասարդի մոտ «Մակարով» են հայտնաբերել. նախնական տվյալներով,  այն բերվել է Արցախից

Armenpress 20:36, 3 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկություններն իրացվել են մայիսի 1-ի երեկոյան։ «Կասկածվողը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, և հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am