ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2016թ. ձմռանը. Փաշինյան

Armenpress 12:43, 3 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը, որին հաջորդել է Ապրիլյան պատերազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Միշտ առաջ է տարվում այն միտքը, թե ես գիտեի, որ, եթե բանակցողը փոխվի, բանակցային տրամաբանությունը նույնպես կփոխվի: Կանցնեն տարիներ, կբացվի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը: Դրանից հետո եկել է 2016թ. գարունը և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան: Բանակցությունների արձանագրություններ կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից տեղեկանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ենթադրվող հանրաքվեի վերաբերյալ, որին պետք է մասնակցեր ԼՂ բնակչությունը, նշված չէ, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ:

«Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ, բայց ԼՂ բնակիչ լինելու համար, պետք է բնակվել ԼՂ-ում: Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիներն ըստ Սերժ Սարգսյանի հղման, ԼՂ-ում որտե՞ղ պետք է բնակվեին»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ հատուկ նիստին:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am