Վերնաշենցին ձերբակալվել է քրոջ որդու սպանության կասկածանքով

Armenpress 18:08, 2 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում,  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող  երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:          

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am